Workfront ընկերության կորպորատիվ կամավորությունը Նարեկ ծերանոցում

20 դեկտեմբեր, 2019

2019թ. հատկանաշական էր Volunteam-ի համար, քանի որ մեր թիմի ստեղծման մի քանի ամիսների արդյունքում    սկիզբ է դրվում կորպորատիվ կամավորության ձևավորմանը Հայաստանում։ Նախորդ տարվա մեր ձեռքբերումներից էր դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած միջոցառումը՝ Աբովյանի քաղաքի Նարեկ ծերանոցում։ Ահա այստեղ կարող եք ծանոթանալ, թե ինչպես ծնվեց  կորպորատիվ կամավորության մեր գաղափարն ու ինչ արդյունքներ տվեց։

Կորպորատիվ կամավորության նկատմամբ առաջինը հետաքրքրությունը ցուցաբերեց  Workfront ընկերության հայաստանյան թիմը: Վերջինս տարեկան երկու անգամ կազմակերպում է «Ծառայության օր» (service day), որոնց ընթացքում նախօրոք ընտրված սոցիալական խնդրի համար բոլոր բաժինների թիմերը միասնաբար կատարում են  տարբեր տեսակի սոցիալական աշխատանքեր։ Նախորդ տարվա երկրորդդ ծառայողական օրը որոշեցին նվիրել տարեցներին` նրանց ամանորին ընդառաջ ջերմություն պարգևելու նպատակով։ Ընտրությունը կանգնեց Աբովյան քաղաքի “Նարեկ” ծերանոցի վրա։

Աշխատանքային, սակայն ամանորյա տրամադրությամբ լցված թոհուբոհի մեջ Workfront-ի թիմը գրասենյակում էր։ Թիմային միասնական ուժերով պատրաստեցինք անհատական  նվեր-տոպրակներ տարեցների համար, այնուհետև միասին ուղևորվեցինք Աբովյան քաղաք։

Մինչև միջոցառման նշանակված օրը Volunteam-ը նախնական այցեր է իրականացրել ծերանոց՝ ծանոթանալու և բացահայտելու տեղի բնակիչների կարիքները։ Այցերի ընթացքում պարզ դարձավ, որ ծերանոցը պատրաստվում էր վերանորոգել հին սանհանգույցները և տեղադրել նորերը   Workfront ընկերությունը անակնկալներ մատուցեց ծերանոցին՝ վերցնելով սանհանգույցների ծախսը։ Սա թերևս ծերանոցին օգտակար լինելու լավագույն տարբերակներից էր, քանի որ ֆինասնական այլ ակնկալիքներ չունեին։

Օրը շատ հագեցած էր և հիշարժան։ Ծերանոցի դահլիճում ամանորյա բարեմաղթանքներ հնչեցնելուց հետո ընկերության աշխատակիցները բաժանեցին նվերնեն ու  տարեցների հետ միասին զարդարեցին ամանորյա տոնածառը: Ժպիտն անպակաս էր մասնակիցների դեմքերից. նրանք իսկապես ունեին ձմռանը տաքություն ստանալու կարիք, որը հնարավոր դարձրեց  Workfront-ի թիմը։

Սա նաև լավ հնարավորություն էր Workfront-ի աշխատակիցների համար․ նման սոցիալապես ակտիվ կազմակերպության մասնիկը լինելու միտքը հպարտություն առաջացրեց, քանի որ նրանք կարողացան բարի գործ անել և ուրախություն պարգևել տարեցներին։

Ինչպես նշեց Workfront ընկերության աշխատակից Նաիրա Մելքոնյանը. «Կամավորությունը շատ կարևոր է և կորպորատիվ, և անհատական շրջանակներում, քանի որ շատ կարևոր է, որ դու ոչ միայն վերցնես, այլ նաև  պատրաստ լինել տալ»:

Մեծ շնորհակալություն “Նարեկ” ծերանոցի հիմնադիրներ Ֆրիդոն և Շողիկ Միքայելյաններին`  հիանալի աշխատանք կատարելու և մեզ գրկաբաց ընդունելու համար։ Նրանց ընտանիքը ծերանոցի հիմնադրման օրվանից միասնաբար և անձնվիրաբար ամուր սյուների վրա են պահում ծերանոցը ու  սնունդ և անհրաժեշտ խնամք են հատկացնում տարեցներին։

Հարկ է նշել, որ այնտեղ բնակություն են ստացել ոչ միայն տարեցներ, այլ նաև խնամքի կարիք ունեցող չափահաս անձինք: Ծերանոցը պետական գրանցում չունի, այլ գործում է որպես հասարակական կազմակերպություն, որի  գոյատևման աղբյուրը սեփական տնտեսությունն է, ինչպես նաև բարի մարդկանց ու կազմակերպությունների մշտական աջակցությունը :

Volunteam կազմակերպությունը նպատակ ունի կամուրջ հանդիսանալ՝ մասնավոր ընկերությունները  հասարակական կազմակերպությունների համար կորպորատիվ կամավորության միջոցով: Մենք աջակցում ենք  ենք մեծ թիմերին միախմբված կատարել բարի գործեր և դրանով իսկ զգալ որպես սոցիալապես պատասխանատու ընկերության և թիմի անդամ: